Բայց ինչ տաղտուկ գործ է պետությունը: Անընդհատ մի պրոբլեմ կա: Բոլորը դժգոհ են, ոչ ոք շնորհակալ չէ: Մի գործը կիսատ, մյուսն է սկսվում: Ճոճանակը ո՞նց է լինում: Կարուսելը ո՞նց է լինում: Փող էլ չկա: Ճոճվելու ցանկություն բոլորն ունեն, նաև՝ ճոճելու: ՈՒ պտտվում է կարուսելը, մեկ-մեկ ձիուկներին են փոխում, ներկում-մերկում են, մեկ-մեկ էլ շարժիչն են քանդում-հավաքում, յուղում-մուղում, որ չճռճռա: Բայց ճռռոցը, մեկ է, չի կտրվում: Կարևորը՝ կարուսելը կանգ չառնի: Դուք ի՞նչ հասկացաք: Ես Երկիրը նկատի ունեի: Ոչինչ, որ մի քիչ առանցքից շեղ է պտտվում: Դա էլ իր օգուտն ունի՝ գիշեր-ցերեկների հերթագայությունը: Կարևորը՝ պտտվի: Շրջապատն էլ հանգիստ լինի՝ Արևն է, Լուսինն է, մոլորակներն են՝ ոչ մոտենան, ոչ հեռանան, մնան իրենց տեղում իրենց համար ու Երկրի համար: Մեկ էլ մի տեղ՝ ինչ-որ հեռվում, մի մոլորակ լինի, որտեղ կյանք կա: Մենակությունը տիեզերքում խելագարեցնող է:
Ընտրությունների գործն ավարտվեց, սկսվում է խորհրդարան հավաքելու գործը: Իսկ դա կանոններ ունի: Դաշինք-մաշինք, խմբակցություն-մմբակցություն, հանձնաժողով-մանձնաժողով, պատվիրակություն-մատվիրակություն՝ ամեն ինչ կարգին-սարքին պիտի հավաքվի, որ կարուսելը չճռճռա: Իշխանությունը փոխվում է, պետության գործառնությունները՝ ոչ: Հայաստանում չի փոխվում նաև իշխանությունը: Արդեն ձանձրալի է նույն հարցը տալ՝ ինչո՞ւ: 17 տարի տալիս ենք, ու պատասխանը նույնն է: Որովհետև:
ՀՀԿ-ն հաղթեց, արտաքուստ Կարեն Կարապետյանով, ներքուստ՝ փողի ու ռեյտինգայինների հաշվին: Հաղթեց: Հետո՞: Հիմա պիտի կառավարություն կազմի: Վարչապետը կա՝ Կարեն Կարապետյան: Մնում են նախարարները: Սկսվում է պատմությունը: ՀՀԿ-ն, իհարկե, կարող է միակուսակցական կառավարություն կազմել, ու դա կլինի վարչապետի ցանկությունը: Մեծ ցանկությունը, որովհետև նշանակում է, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում կոալիցիա չի կազմում: Նվազագույնը մեկ տարի: Հետոն հետո կերևա: Բայց կան տարբերակներ: Շատ չէ, բայց կան: ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, որ դաշինք-մաշինքի քննարկումները թողնում է առաջիկա ժամանակներին: Դա լավ փորձարկված հին խաղ է՝ ՀՅԴ-ն կասի՝ այո, բայց…. ՈՒ «բայցի» տակ կտեղավորի նոր, արդարի ու իր Հայաստանի տեսլականը՝ քանի՞ նախարար ու ի՞նչ պաշտոններ: Լուծելի խնդիր է: Միշտ է լուծելի եղել: ՀՀԿ-ն ունի 54-55 տոկոս ձայն՝ կայուն մեծամասնության համար չունի կոալիցիայի կարիք: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ելնելով ՀՅԴ-ի հետ անցած տարի ստորագրած համագործակցության հուշագրի անժամկետ լինելու հեռանկարից՝ իրենք այդ ուժի հետ կոալիցիա կկազմեն:
Նոր խորհրդարանում սահմանադրական օրենքներն ընդունվում են ձայների 3/5-ով՝ անհրաժեշտ են 63-65 կողմ ձայներ: ԱԺ-ն ձայների այդ համամասնությամբ է ընտրելու գլխավոր դատախազին, ԿԸՀ, ԿԲ, ՎՊ նախագահներին, ՄԻՊ-ին: ՀՀԿ 55, ՀՅԴ 8 պատգամավորը լիովին հերիք են, բայց պատգամավորը կենդանի մարդ է՝ հիվանդանում է, գործուղման է գնում, հավես չի ունենում՝ 63 պատգամավոր հավաքելը քվեարկության համար օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դժվար է, անվտանգության բարձիկ է պետք: Նախկինում կային անկախ պատգամավորներ, հիմա չկան, մնում են ընդդիմության ձայները: Նոր խորհրդարանում բոլոր խմբակցությունները ցանկացած հարցի համար կարող են քննիչ հանձնաժողով ստեղծել, կառավարության ցանկացած անդամի հրաժարականի գործընթաց սկսել, եթե բավարար ձայներ հավաքեն: Բավարար ձայների խնդիրը պտտվում է խորհրդարանական երկրորդ ուժի շուրջ: Երրորդը՝ «Ելքը», բացահայտ ընդդիմադիր է, սկզբունքային հարցերում չի կարող իրեն կոմպրոմիսներ թույլ տալ՝ հինգ տարում աշխարհը չի վերջանում ու գալու է «Ելք կա»-ի համար պատասխան տալու ժամանակը:
Նրանց է մնացել ընդդիմադիր խոսափողը: Տարբերակ, որ «Ելքը» այս խորհրդարանում կարող է կոալիցիա կազմել ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, առավել ևս ՀՀԿ-ի հետ, չկա: Առաջարկ էլ չի լինի: Գործունեության օգտակար գործողության գործակիցը կորոշվի ոչ թե որոշումների վրա ազդելու տոկոսով, այլ խնդիրներ բարձրացնելու: 9 պատգամավորը այն թիվը չէ, որ որակ փոխի: Բայց իրավիճակ փոխվելու հնարավորություն կա, եթե ոչ հիմա, 2018-ին: Հարցը վեցերորդ գումարման Ազգային ժողովում կրկնվելու է՝ ի՞նչ ուժ է լինելու ԲՀԿ-ն: Հինգերորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ-ն սկզբից այլընտրանք էր, 2015-ից՝ ընդդիմություն, 2017-ին ոչ ոք չգիտի: Գագիկ Ծառուկյանն է ԲՀԿ-ում որոշողը, կողքից ով ինչ կասի, չի ասի՝ էական չէ, իսկ Գագիկ Ծառուկյանը մտածում է: Նրան լիովին բավարարում է այլընտրանքային կարգավիճակի կրկնությունը, բայց կանոնակարգը թույլ չի տա: Պիտի ասվի: Իբրև ընդդիմություն՝ Գագիկ Ծառուկյանը կարող է ստանալ ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Իրավիճակային հաջողություն, ոչ ավելին: Բայց իր ցուցակի ակնկալիքները չի բավարարի՝ հանձնաժողով-մանձնաժողով էլ հավելելով: Նրանք կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ախորժակով՝ հինգ տարի պատգամավորի աշխատավարձով ապրելու համար: Բայց խնդիրը նրանք չեն: Խնդիրը պետությունն է: Պետությանը իշխանություն է պետք: Իշխանությանը՝ մարդիկ: Գագիկ Ծառուկյանը այդ մարդկանցից մեկն է: ՈՒ նրա մեղքը չէ, որ ստեղծվել է իրավիճակ, որտեղ իր կարիքը կա: Ինքը կուզեր հանգիստ բիզնես-միզնես անել, բարեգործություն-մարեգործություն, գուցե Հարվարդ-Մարվարդ ավարտեր, բայց չի ստացվում: Պիտի կողմնորոշվի՝ կամ հիմա, կամ ամենաուշը՝ մեկ տարի հետո: Ո՞Ւմ հետ է՝ նախագահի՞, թե՞ վարչապետի: Գործնականում հիմա ՀՀԿ-ն իր ներսում պիտի որոշի ուժերի հարաբերակցությունը՝ ո՞ւմ է ժպտում իշխանության արևը: Անգամ խորհրդարանի կառուցվածքային խնդիրներն ու կառավարության կազմը չեն այս պահին բանակցության բուն թեման Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև: Բուն թեման 2018-ն է: Սերժ Սարգսյանը բարեհաջող թոշակի ուղարկեց առաջին նախագահին, որ դեռ 2013-ին տարիքը պատճառ բերելով թեկնածությունը նախագահական ընտրություններում չառաջադրեց, և արդեն ոչ երիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանին, որ այս ընտրություններում քաղաքական վերադարձը տանուլ տվեց, բայց երեք նախագահների եռանկյունուց Հայաստանը դուրս չի գալիս՝ կա երրորդ անկյունը: Սերժ Սարգսյանը իր քաղաքական ապագայի մասին բազում հայտարարություններ է արել: Ընդունեք ի գիտություն, ոչ մեկին մի հավատացեք: Ինչպես ցանկացած բանական մարդ՝ նա գործելու է ելնելով իրավիճակից: Ինչպես ցանկացած իշխանություն ունեցող մարդ՝ նա փորձելու է իրավիճակը շրջել իր օգտին: Որպես փորձառու մարդ՝ նա ազատվեց բալաստից, որ կարող էր ոտքի տակ ընկնել ու վճռորոշ պահին ինչ-որ նշանակություն ստանալ: Որքան օգնել, նույնքան վնասել: Վարչապետ դառնալը տրամաբանական ցանկություն է, որ նա պարտադիր հիմնավորելու է Ղարաբաղի խնդրով՝ այլևս իբրև պետության առաջին դեմք բանակցելու է վարչապետը, ոչ թե նախագահը:
Սա՝ մեկ: Երկրորդ՝ մինչ այդ կարող է պարզվել, որ Կարեն Կարապետյանը բոլորովին էլ չի արդարացնում տնտեսության վերականգնման հույսերը: Չէ, միանշանակ, «կինոյի տղան» է, բայց կյանքը կինո չէ, կինոն էլ ավարտվելու սովորություն ունի: Ի վերջո, մինչև այսօր Կարեն Կարապետյանը չի գտել կախարդական փայտիկը՝ տնտեսական աճը, որ որևէ կերպ չի արտահայտվում միջին վիճակագրական հայի գրպանում ու նրա կյանքի որակի վրա՝ կենսամակարդակի անկումը ապացուցելու համար ոչ վիճակագրության թվեր են պետք, ոչ սոցիոլոգիական հարցումներ: Եվ երրորդ՝ ամենակարևոր խնդիրը՝ ֆինանսատնտեսական կայսրությունը պահելը, որ առանց իշխանության ամեն պահ վտանգված է: Կարեն Կարապետյանի ակտիվում 3,2 միլիարդն է, որ Հայաստան կմտնի, եթե նա շարունակի պաշտոնավարել ոչ թե մեկ տարի, այլ՝ հինգ: Թվում է՝ քաղաքական ու տնտեսական գերակայությունը վարչապետի օգտին է, և Սերժ Սարգսյանին մնում է մտածել Մելիք-Ադամյանի իր աշխատասենյակը վերակահավորելու մասին, կամ էլ՝ Նոր Նորքի զանգված՝ պաշտպանության նախարարություն տեղափոխվել՝ Վիգեն Սարգսյանի երջանկությունը ջուրը գցելով: Բայց դա միայն թվում է: Սերժ Սարգսյանը առաջին քայլն արդեն արեց՝ վարչապետության ճանապարհին: Այդպես ԱԺ չմտավ ՀԱԿ-ը, որի պատվերն իջեցված էր Կրեմլից: ՀՀ երրորդ նախագահը պատրաստվում է երկարատև դիրքային պայքարի Մոսկվայի հետ: Ռուսները հետխորհրդային տարածքի պետություններում, որպես կանոն, բացահայտ սիրում են իշխանությանը, գաղտնի՝ ընդդիմությանը (նկատեցի՞ք՝ ինչպես Լուկաշենկոն տեղի տվեց, երբ սկսվեցին ցույցերը Բելառուսում ու Սանկտ Պետերբուրգում Պուտինին հանդիպելով՝ ուղիղ ասաց. «Հույս ունեմ՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը կայունություն կբերի Բելառուսին»): Այդպես ապահով է՝ ժողովրդավարությունը պահանջում է, որ իշխանությունը լսի ընդդիմության ձայնը: Գործնականում սիրելով Սերժ Ազատիչին, նրանք Գագիկ Նիկոլաևիչին ու Լևոն Ակոպիչին էլ են շատ գնահատում: Առաջին նախագահն է, ի վերջո, ստորագրել ՌԴ-ի հետ հետ բարեկամության ու համագործակցության համաձայնագիրը, Գյումրու ռազմաբազայի պայմանագիրը: Բայց նա գնաց: Սերժ Ազատիչն էլ անհասկանալի խաղեր է տալիս Ղարաբաղի հարցով, Եվրամիության հետ համաձայնագիր է պատրաստվում նոյեմբերին կնքել, Իրանի հետ է հարևանություն անում, ու՝ ընդհանրապես: Ճակատագրի հեգնանքն է բումերանգի վերադարձը՝ Սերժ Սարգսյանի դեմ Մոսկվայից հայտնվել է հերթական ղարաբաղցին, որին հաղթահարելու համար նա ստիպված է մտածել Հայաստանի անկախության ու ինքնիշխանության մասին: Ստիպված է մտածել հավասարակշռության մասին՝ Ռուսաստանի մենիշխանությանը Հայաստանում: Կարևորը, որ կարուսելը կանգ չառնի: Մնացածը լրացրեք ինքներդ: Ասում եմ, չէ, տաղտուկ գործ է պետությունը, վտանգավոր՝ իշխանությունը: Արտաքուստ միայն փայլն ու շքեղությունն է, որոշումների ընդունման լծակներն ու իրավունքները, ճակատագրեր տնօրինելու փաստը, ներքուստ ամեն պահ ամեն ինչ կարող է շրջվել քո դեմ, եթե սայթաքես ու վտակդ գետի տեղ դնես: Կարուսելը կշարունակի պտտվել, իսկ քո ձիուկը ախոռում մենակությունից կխելագարվի: Մենակությունը, ոչ միայն տիեզերքում, երկրի վրա էլ դաժան է, հատկապես երբ հետևանք է դավաճանության՝ քո, թե ուրիշի, մեկ է: Իհարկե, քանի կաս, շարունակելու ես խաղը, բայց կա խաղի մակարդակ: ՈՒ կան մակարդակների դաժան տարբերություններ, ասենք, երբ սևաթույր նժույգին, որ ոչնչով Պեգասին չի զիջում, լծում են սայլին ու ասում՝ բարձրացիր ժայռը: Դա է քո գործը: Իսկ բեռնակիր ձիուն հեծնում են ու ասում՝ հասիր քամու հետևից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Խորհրդարանն ի՞նչ եղավ: Ազգային համաձայնության կառավարությունն ի՞նչ է լինելու: Ինչ պիտի լինի, կհանդիպեն՝ կպայմանավորվեն, կամ չեն պայմանավորվի: Կոալիցիա կկազմեն, կամ՝ չեն կազմի: Պորտֆելները կբաշխեն՝ ըստ այդմ: Յուրաքանչյուրն իր շահն ունի, բայց խոսում է պետության շահից ու ժողովրդի անունից: Ավանդույթ է: Սահմանադրություն կա, օրենքներ կան, ժամկետներ են սահմանված: Բոլորը կստանան իրենց հասանելիքը՝ հաղթածներն ու պարտվածները, ժողովուրդն ազատված է աշխատանքից մինչև հաջորդ ընտրություններ: Հետընտրական գործընթացներ չեն լինի, ընտրության արդյունքները բողոքարկողներ չկան ոչ հաղթածների, ոչ պարտվածների մեջ: Ազատության հրապարակում քամի է ու արև, օդը չի տատանվում երգ ու պարից, որի հնչյունների տակ պիտի փլուզվեր իշխանական բուրգը: Լևոն Տեր-Պետրոսյանը նզովեց, «Ազատ դեմոկրատները» ասաց՝ ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրությանը, Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց և միայն ՕՐՕ-ն ասաց, որ խորհրդարանը լեգիտիմ չէ: Լեգիտիմ կլիներ, եթե իրենք էլ Բաղրամյան 19 մտնեին: Ապրիլի 27-ին կգումարվի վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստը՝ 105 պատգամավորով, մինչև մայիսի 6-ը կունենանք վարչապետ, մինչև 26-ը՝ կառավարություն:
Կարուսելը պտտվում է, ո՞ւ…